?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ հայկական եկեղեցու հետ ծագած խնդրի կապակցությամբ Երեւանից Ախալցխա էր գործուղվել ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը, որը հաստատել է Ախալցխայի հայության մտահոգությունները: Քրիստինե Աղալարյանի նյութը “Հետք” թերթում.
http://hetq.am/am/society/akhltskha-st-khach/



Հայկական եւս մեկ եկեղեցու ապագան անորոշ է
Քրիստինե Աղալարյան


Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ հայկական կաթոլիկ եկեղեցին օգտագործման իրավունքով տրամադրվել է Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ով օրերս է վերադարձել Թբիլիսիից:

Ապրիլի վերջերին քննարկվող թեման կրկին Սամցխե-Ջավախքում ոտնձգությունների ենթարկված հայկական եկեղեցիներից մեկն էր, այս անգամ` Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ կաթոլիկ եկեղեցին: Բանվորները քանդել են եկեղեցու խորանը եւ մի կամար: Խորանը քանդելիս դուրս են եկել հայկական արձանագրություններով խաչքարեր, որոնք դեռեւս չեն տեղափոխվել կամ ոչնչացվել, այլ կուտակված են եկեղեցու մոտ: Քաղաքապետարանի աշխատակիցները տեղացիներին խոստովանել են, որ իրենք եկեղեցին քանդելու հետ որեւէ կապ չունեն, եւ այդ ամենը տնօրինում է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը: Նրանք նաեւ տեղեկացրել են, որ Երեւման Սուրբ Խաչ եկեղեցու տեղում կառուցվելու է վրաց կաթոլիկ եկեղեցի:

Այդ հանգամանքը դժգոհություններ է առաջացրել ախալցխահայության շրջանում: Նրանք պարզաբանումներ են պահանջել, իսկ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտարարել է, թե Ախալցխայի երիտասարդները, առաջնային կարեւորություն տալով զգացմունքներին, ծրագրված սադրանքի զոհ են դարձել, որի արդյունքում մեծ իրարանցում է բարձրացել այն ապատեղեկատվության շուրջ, թե վրացիները քանդում են Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին: Ըստ Վիրահայոց թեմի առաջնորդի` եկեղեցին եւ հարակից 3 հա տարածքը 2009 թ. Վրաստանի իշխանությունները 99 տարով փոխանցել են Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն:

«Ըստ համապատասխան պայմանագրի` Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցին պարտավորվել է վերականգնել Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին ու բարեկարգել տարածքը: Դա էլ այս իրարանցման պատճառը դարձավ»,- ասել է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա տեղեկացրել է, որ վերականգնողական աշխատանքները կիրականացվեն վերականգնման չափանիշների համաձայն:



Ախալցխայի հայկական երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհուրդը պատասխան հայտարարություն է տարածել` նշելով, որ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հայությունը խորապես վրդովված եւ վիրավորված է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայտարարություններից: «Վանդալիզմի ու պղծման ենթարկված հայկական եկեղեցին նաեւ թալանվում է: Բազմաթիվ վկաների հաստատմամբ` շատ սրբատաշ ու հայատառ արձանագրություններով քարեր են դուրս բերվել եկեղեցու տարածքից եւ օգտագործվել ինչ-որ շինարարության մեջ:

Մենք արձանագրել ենք այն, ինչ տեսել ենք եւ ներկայացրել հայ հասարակության դատին թե Հայաստանում, թե սփյուռքում»,- նշված է Համակարգող խորհրդի պատասխան գրության մեջ: Նրանք հայտարարել են, որ եթե Հայ առաքելական եկեղեցին տեր չի կանգնում Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ եկեղեցուն, դա չի նշանակում, որ նման խնդիր գոյություն չունի: Հարցը մտահոգել է նաեւ Առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչների: Նրանք էլ են բարձրաձայնել խնդրի մասին, սակայն խիստ նկատողություն են ստացել Մայր Աթոռից: «Հիմքերն արդեն քանդել են, մեր մտավախությունն այն է, որ անձրեւները կլցվեն, եւ ամբողջ պատը կփլվի»,- ասում է Սամցխե-Ջավախքի հոգեւոր հովիվներից մեկը, ով չի ցանկանում հրապարակել իր անունը:

Ախալցխայի շրջանում կաթոլիկ համայնքի սպասավոր, Սուխլիս գյուղի կաթոլիկ եկեղեցու քահանա հայր Գրիգորը մեզ հետ զրույցում ժխտեց քանդման նոր փաստը: «Նոր քանդումներ չտեսա, միայն խաչքարի վրա տեսա, որ քարը փորագրված է, փորձել են խաչի վրայից մի բան հեռացնել, արդյոք խաչը ջնջելու՞ համար, թե՞ իրենք ուրիշ բան պետք է գրեին դրա վրա, հայտնի չէ»,- պատմեց հայր Գրիգորը:



Ինչպես տեղեկացանք Ախալցխայի բնակիչներից, եկեղեցում աշխատանքները դադարեցված են, սակայն ոչ ոք «տիրություն չի անում եկեղեցու քանդված քարերին ու խաչքարերին», դրանք դեռ կուտակված են:

«Եկեղեցին ոչ թե քանդում են, այլ մաքրում փլատակներից: Բայց դա կատարվում է սահմանված միջազգային նորմերին ոչ համապատասխան ձեւով»,- ասում է ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը: Նա Հայաստանից գործուղվել էր Ախալցխա, որպեսզի ուսումնասիրեր Երեւման Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ առաջացած խնդիրը: Հակոբ Սիմոնյանը ցավում է, որ Վիրահայոց թեմի առաջնորդը հայտարարել է, թե դա կաթոլիկ եկեղեցու խնդիրն է. «Նա, փաստորեն, ջուր է լցնում այն մարդկանց ջրաղացին, ով պատրաստվում է այդ եկեղեցու գլխին ինչ-որ բան բերել»: Իսկ վերանորոգելու համար պետք է պեղումներ կատարվեին, յուրաքանչյուր քարը տեղում ֆիքսվեր, որոշվեին բոլոր մանրամասները, եթե դրա նպատակը եկեղեցու` գիտական սկզբունքներով վերականգնումն է: Հակոբ Սիմոնյանը նման մոտեցում չի նկատել: «Խորանը, ավանդատները եւ արեւելյան պատն արտաքուստ մաքրված էին, քարերը մի տեղ էին հավաքված, հողը` մի տեղ: Բայց դա արվել էր ոչ թե պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, այլ պատահական մարդկանց ջանքերով»: Որ դա արել են պետական իշխանությունների համաձայնությամբ եւ հրահանգով, Հակոբ Սիմոնյանի դիտարկմամբ, որոշակի է, քանզի եկեղեցին քաղաքի երեւացող տեղում է գտնվում: «Չէր կարող պատահել, որ երկու-երեք օր քաղաքի կենտրոնում մեծ ծավալի հողային աշխատանքներ իրականացվեին առանց պատկան մարմինների համաձայնության»,- համոզված է նա:

Հ. Սիմոնյանը կարծում է, որ այդ գործողությունները երկու նպատակ պետք է հետապնդեին. կամ իսկապես վերականգնել եկեղեցին, կամ էլ քանդել եւ տեղում նորը կառուցել: Բայց եթե խնդիր էր դրված եկեղեցին վերականգնել, ապա այդ աշխատանքներին պետք է հայ գիտնականներ մասնակցեին, կամ գոնե նախագիծը պետք է համաձայնեցվեր Հայաստանի մշակույթի նախարարության հետ, քանզի Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին 13-րդ դարի հայկական կոթող է: «Այս խնդիրը միշտ բարձրացվել է, երբ Թուրքիայի կամ Իրանի տարածքում եղած հայկական հուշարձանները ենթարկվում են վերականգնման: Անհասկանալի է, թե ինչու նույնը չպետք է արվի բարեկամ հռչակված երկրում»,- ասում է Հ. Սիմոնյանը:

Եկեղեցու հայկական լինելն անժխտելի է

Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Ախալցխայի բարձրադիր մասում` Ռաբաթ թաղամասում: Եկեղեցու ստեղծման վերաբերյալ վկայությունները տարբեր են: Ըստ ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի` Երեւման սուրբ Խաչ եկեղեցին պետք է հիմնված լիներ առնվազն 13-րդ դարում եւ գործեր որպես Հայ առաքելական եկեղեցի: Այն ի սկզբանե չէր կարող լինել կաթոլիկ եկեղեցի, քանի որ կաթոլիկ դավանանքը Ախալցխայում տարածվել է 17-18-րդ դարերում: Եվ միայն կաթոլիկ համայնքի ստեղծումից հետո են տեղի առաքելական որոշ եկեղեցիներ սկսել վերագործարկվել, ինչն առաջացրել է Հայ առաքելական եկեղեցու դժգոհությունը: Պահպանվել են խաչքարեր եւ տապանաքարեր, այդ թվում` արձանագիր: Ըստ Հակոբ Սիմոնյանի` եկեղեցու հայկական լինելու եւ 13-րդ դարում գոյություն ունենալու ամենամեծ փաստարկն այն է, որ խորանի պատի մեջ ագուցված են 4 խաչքարեր, երեքը` հայագիր արձանագրություններով, որոնցից մեկի վրա փորագրված է 1366 թվական: «Սա այնպիսի անառարկելի վկայություն է, որ ոչ մեկը հերքել չի կարող»,- ասում է Հ. Սիմոնյանը: Եկեղեցու շուրջը տարածվող գերեզմանոցում կան երկու այլ հայկական խաչքարեր, մեկ ուրիշն էլ բերդի մոտ է: Մեծ թվով խաչքարեր ագուցված են բերդապարսպի շարվածքում





Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր «Ախալցխա» գրքում հիմնադրման տարին նշում է 7-րդ դարը` Ներսես Շինող կաթողիկոսի կողմից, չնայած հղում է կատարում «ավանդությանը»: Նա նաեւ հավելում է, որ եկեղեցին ժամանակ առ ժամանակ վերանորոգվել է, բայց 1828 թ. ռուս-թուրքական բախման ժամանակ ռմբակոծվել է, որից կործանվել է գմբեթը: Ս. Կարապետյանը նշում է, որ Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին վրացական կողմի իրականացրած քաղաքականության հերթական «զոհն է», որոնք նորոգության անվան տակ յուրացնում են հայկական եկեղեցիներն ու ոչնչացնում հուշարձանները: Իսկ հայկական մշակութային կոթողների պահպանության լավագույն լուծումը տեսնում է «հանցագործներին պատժելու» մեջ. Հայաստանը հուշարձանների ոչնչացման հայցով պետք է մտնի միջազգային դատարան:

Փոխնախարարը վստահեցնում է, որ եկեղեցին վերակառուցելու են նույն տեսքով

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը Թբիլիսիում հանդիպել է Հարավային Կովկասում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին:



Փոխնախարարին վստահեցրել են, որ Երեւման Սուրբ Խաչ եկեղեցուց ոչ մի քար չի քանդվել, ոչ մի խաչքար չի տեղաշարժվել, ոչ մի խաչքարի վնաս չի հասցվել, բանվորներն ընդամենը տարածքն են մաքրել եւ չափագրումներ իրականացրել, շինարարական ոչ մի աշխատանք դեռ չի սկսվել: Եկեղեցու տարածքում աղբի տեսքով քարեր են կուտակված եղել, որոնք եկեղեցու միջից տեղափոխվել են կառույցի կողքը: Նույնը հավաստիացրել են նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը եւ Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբկեն Սալբիյանը, ով նույնպես եղել է տարածքում եւ փաստել, որ ոչ մի խաչքար տեղից չի շարժվել, ոչինչ փչացված կամ ջարդված չէ:

Մինչդեռ Հակոբ Սիմոնյանի տրամադրած լուսանկարներում հստակ երեւում է, որ խաչքարի կտորը նույն քարերի «աղբակույտի» մեջ է հայտնվել:



Արթուր Պողոսյանին հայտնել են, թե 17-րդ դարից Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին օգտագործման իրավունքով տրամադրվել է կաթոլիկ եկեղեցուն: 99 տարով Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն հատկացնելու հանգամանքին Արթուր Պողոսյանը ծանոթ չէր: Այժմ կաթոլիկ եկեղեցին որոշել է վերականգնել այն: Հայկակա՞ն, վրացակա՞ն, թե՞ Վենետիկի կաթոլիկ համայնքն է տնօրինելու այն` փոխնախարարը չգիտի: Ասում է, որ իրենք Երեւման Սուրբ Խաչը դիտարկում են որպես հայկական պատմամշակութային արժեք, ինչը ոչ ոք չի ժխտում: Այդ պատճառով արքեպիսկոպոսին խնդրել են վերականգնողական աշխատանքներում ներգրավել նաեւ հայկական կողմին: «Եթե կրոնական տեսակետից նայենք, կաթոլիկ կրոնն ազգային պատկանելության խնդիր չի դնում: Ջավախքում կաթոլիկ լեհ առաջնորդներ կան, հիմա ասել, որ հայ կաթոլիկը հաճախում է այն եկեղեցին, որտեղ քահանան ազգությամբ լեհ է, այլ հարցեր են»,- ասում է փոխնախարարը: Նա միեւնուն ժամանակ նշում է, որ լավ կլիներ, իհարկե, եթե այն տրված լիներ հայ կաթոլիկ համայնքին, բայց 17-րդ դարից այն Վատիկանի կաթոլիկ եկեղեցու տնօրինության տակ է:

Սամցխե-Ջավախքի կաթոլիկ համայնքը Գյումրիի Հայ կաթոլիկ եկեղեցու Արեւելաեվրոպական թեմի առաջնորդարանի ենթակայության ներքո է: Սամցխե-Ջավախքում 17 կաթոլիկ համայնք կա: 5 համայնք` Նինոծմինդայի շրջանում, 5-ը` Ախալքալաքի, Ախալցխայի 14 հայկական գյուղերից 7-ն են կաթոլիկ: Որքան համայնք կա, այդքան էլ եկեղեցի, բոլորն էլ գործող են: Հայ կաթողիկ եկեղեցու քահանա Գրիգոր Մկրտչյանը 2005-2007 թթ. ծառայել է Նինոծմինդայում: «Բոլոր եկեղեցիներում յուրաքանչյուր կիրակի ծիսական արարողություններ տեղի ունենում են»,- ասում է Տեր Հայրը: Նինոծմինդայի 5 համայնքին մեկ քահանա է սպասավորում: Երկու քահանա` Ախալքալաքի շրջանում, Ախալցխայում` մեկ քահանա եւ երկու վարդապետ:



Երեւման Սուրբ Խաչ եկեղեցու ճակատագրով մտահոգված են նաեւ Գյումրիի առաջնորդարանում: Առաջնորդի հետ զրուցել չհաջողվեց, մեր հարցերին պատասխանեց տեր Գրիգորը: Նա նշեց, որ Երեւման Սուրբ Խաչ եկեղեցու հարցը քննարկվելու է Թբիլիսիում, որտեղ հանդիպելու են լատին եպիսկոպոսն ու Հայ կաթոլիկ եկեղեցու Արեւելաեվրոպական թեմի առաջնորդը: Այդ հանդիպումից հետո ամեն ինչ պարզ կդառնա:

Լուս.` Հակոբ Սիմոնյանի
Սև ու սպիտակ լուսանկարները տրամադրել են ախլցխացիները



free counters
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Javakhk

Comments

( 18 comments — Leave a comment )
fromgyumri
May. 27th, 2010 05:48 am (UTC)
Տխուր է... Բայց վատը գիտես ո՞րն է. նման բաներ Հայաստանում էլ են լինում:
javakhk
May. 27th, 2010 05:51 am (UTC)
ՆՄԱՆ բաներ Հայստանում չեն լինում...
:-)
fromgyumri
May. 27th, 2010 03:24 pm (UTC)
Եթե ես մի բան ասում եմ, ուրեմն հիմք ունեմ: Իսկ մինչ ինձ հակադարձելը կարելի էր դրանց մասին հարցնել:
Շիրակի մարզում եղել եմ բազմաթիվ գյուղերում, նկարել տեղի եկեղեցիները: Ու քեզ համար ոնց է, որ Հարթաշենի կիսավեր եկեղեցին մարդկանց համար ամենասովորական զուգարան էր դարձել, Աշոցքի շատ գյուղերում երկրաշարժից հետո եկեղեցիները վնասված, բայց բարվոք վիճակում են եղել, թեեւ խորհրդային տարիներին ծառայել են որպես ամբար: Հիմա մեծ մասը մարդկանց անտարբերությունից սկսել են քանդվել:
Իսկ ամենավերջերս մենք մի դեպքի անդրադարձանք, երբ Գյումրիի գերեզմանատներից մեկում 1836 թե 1837 թվի երեք տապանաքար` գեղեցիկ ու ճոխ զարդանախշերով, որ պատկանել են գյումրեցի հին մի գերդաստանի, ջարդել - փշրել էին, ոսկորները շաղ տվել դես ու դեն, ու տեղը բետոնից նոր գերեզման սարքել:
Էս մասին նյութը Ա1+ էլ եմ ուղարկել, մանրամասն կարող ես տեսնել` http://a1plus.am/am/regions/2010/05/20/cemetery էստեղ:
javakhk
May. 27th, 2010 06:09 pm (UTC)
Ամեն երեւույթ արժանի է հասարակական մտահոգության այնքանով, որքանով որ այն տարածված բնույթ է կրում: Ես կյանքումս առաջին անգամ եմ լսում, որ հայկական գյուղում հայ եկեղեցին օգտագործվի որպես զուգարան, ինչպես Դուք եք ասում: Իհարկե, իրավունք չունեմ կաասկածելու լուրի անկեղծության վերաբերյալ, բայց այն, որ կյանքումս առաջին անգամ եմ դա լսում, հիմք է մտածելու, որ դա տարածված երեւույթ չէ: Իհարկե այղ գյուղի համբալներին մի լավ ծեծել է պետք եղինջով… իրենք համբալ քամակներին…

Բայց Վրաստանի դեպքում գործ ունենք հիմնավոր, սիստեմատիկ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ հետ: Դրա դեմ ավելի հիմնավոր մոտեցում է պետք…
fromgyumri
May. 27th, 2010 07:51 pm (UTC)
Ես էլ կյանքումս առաջին ու հուսով եմ վերջին անգամ եմ տեսել նման բան: Արժեր տեսնել, թե առաջնորդարանի հոգեւորականները ինչպես էին խառնվել իրար, թե չլինի, հանկարծ Աջապահյանը տեսնի, այլապես խիստ կզայրանա: Մարդը գնացել էր պատարագ մատուցելու, որտեղ վերջին անգամ մեկ էլ երեւի մի 80 տարի առաջ էր եղել, սովետից առաջ:
Հոգեւորականները բացատրում էին հենց խորհրդային շրջանի աթեիզմի գաղափարախոսությամբ, որը որոշ հիմքեր գցել է ժողովրդի մեջ:
Գիտես, ինձ մի պահ թվում է, թե ես սրբապղծություն եմ անում, ասելով նման բան, բայց դա իմ աչքերով եմ տեսել:
Իսկ դա ամբողջ գյուղի վերաբերմունքն էր, թե մի - երկու հոգու, կարեւոր էլ չէ:
javakhk
May. 27th, 2010 08:01 pm (UTC)
Աստվածաշնչում նման պահեր նկարագրված են. բնակավայրեր, որտեղ բնակիչները մասսայաբար տրված են որեւե մեղքի: Տիպական օրինակ է Սոդոմն եւ Գոմորը:

Դրանց վերջը վատ է լինում...
fromgyumri
May. 27th, 2010 08:15 pm (UTC)
Ինչքան զգացի, գյուղում մարդիկ էնքան էլ մեղքի մեջ չէին, դա կարծում եմ, ավելի հատուկ է խոշոր բնակավայրերին: Էնտեղ ուղղակի խամրել էր աստվածավախությունը, բայց գոնե կարելի էր վերաբերվել որպես պատմական արժեքի:
Ասում են աստված միանգամից չի պատժում, համբերում է անգամ շատ մեծ մեղքերի դեպքում, մինչեւ տեսնի` դարձի կգաս, թե անհույս ես:
Մեր հասարակությունը բարոյապես շատ է ընկել: Չգիտեմ, վիրահայությունն ինչպես է, բայց էստեղ ահավոր է, երբ մի քիչ խորանում ես: Մի շաբաթ առաջ դրանում լրիվ համոզվեցի, երբ Գագիկ Ծառուկյանն էկել էր Գյումրի ու տեսա կուսակցականների պահվածքը: Մի բառով նկարագրեմ` ստորաքարշություն:
javakhk
May. 27th, 2010 08:21 pm (UTC)
Քա ես չիդեի, որ Գյումրի էլ Բարգավաճ կեղնի...
:-)
fromgyumri
May. 27th, 2010 08:30 pm (UTC)
Ահ, տնաշեեն... լիքը չեն? Սամվել Բալասանյանին երեւի կգիտենաս` խորհրդարանի երեսփոխան է Գյումրիից, մի ժամանակ ՕԵԿ-ից էր: Հիմա էլ տաք քամիները Ծառուկյանի կողմից են փչել, մտել է Բարգավաճ:
Արժեր մի երկու բան պատմել քեզ, ծիծաղեիր, բայց գրավոր մի քիչ էն չի լինի...
javakhk
May. 27th, 2010 08:36 pm (UTC)
Երկար տարիներ Երեւանում համարվում էր, որ Բարգավաճը ռեգիոնալ՝ Կոտայքի մարզին հարող տարածքի կուսակցություն է, եւ ԱՅԼ տեղերում գրասենյակներ կամ չունի, կամ էլ եթե ունի՝ ավել շատ "հավուր պատշաճի" են:

Երբ Բարգավաճը գրասենյան բացեց Երեւանի Ավան թաղամասում, նրա մոտ անգամ պայթյուն կատարվեց: Ոմանք մեկնաբանում էին, որ. "Բարգավաճին չեն թողնում իրա տերիտորիայից դուրս ելնի": Ավանը համարվում է Հանրապետականի ամուր տեղերից մեկը դեռ Անդրանիկ Մարգարյանի ժամանակներց...

Բայց հիմի կաշեմ որ Գյումրի էլ Բարգավաճը ազդեցիկ ուժըմ կը դառնա...
fromgyumri
May. 29th, 2010 05:30 am (UTC)
Գյումրիում ի՞նչ չկա՝ էլ մոլի հանրապետական, էլ երդվյալ բարգավաճ, էլ ճակատագրով ՕԵԿ-ական (Սամվել Բալասանյանն էր մի անգամ ասել, թե իր ճակատին գրված է Օրինաց Երկիր ու ինքը միշտ կմնա կուսակցության շարքերում), էլ Տեր - Պետրոսյանի ֆանատ, էլ զտարյուն «ժառանգական», էլ մինչեւ ուղն ու ծուծը ընդդիմադիր, ինչ կուզե էղնի, ինքը դժգոհ է... ամեն ինչ էլ ունինք:
Բայց որ էգուց ասենք դաշնակները դառնան իշխանություն, մեծ մասը կդառնան ասենք Արամ Մանուկյանի գաղափարախոսության ջերմեռանդ հետեւորդը:
fromgyumri
May. 27th, 2010 08:07 pm (UTC)
Իսկ Վրաստանի դեպքում` լրիվ համաձայն եմ: Մենք բողոքում ենք թուրքերից ու ադրբեջանցիքից, բայց նրանք մեր թշնամիներն են: Վրացին ավելի վատ է, որովհետեւ առերես բարեկամ են, բայց հայերի դեմ շատ ուժեղ ու լուրջ քաղաքականություն են տանում: Որքան տեղյակ եմ, դասագրքերում սովորեցնում են, թե պատմական Վրաստանի սահմանները ձգվում են մինչեւ Անի: Տո, ասա Անիում մի վրացական տառով քար կարող ես գտնել, որ մեծ - մեծ խոսում ես? Կամ ասում են Մաշտոցը վրաց տառերը չի ստեղծել: Թող բերեն մի պատմիչ, որ ժամանակակից կլինի Կորյունին ու որը կասի, որ վրաց տառերը ստեղծել է էսինչաշվիլինի կամ էնինչաձեն, նոր կընդունեմ, որ տեղ ունեն...
Հասկանում ես?, իրենց դուր չի գալիս, որ իրենց հողի վրա հայերն արարել են: Թիֆլիսի մեծ մասը հայերն են կառուցել, այնտեղ լիքը հայկական եկեղեցի կա, որոնք փաստում են դա, նշանավոր շատ հայեր են ապրել Թիֆլիսում, իսկ իրենց ազգային արժանապատվությունը թույլ չի տալիս, որ հանդուրժեն հայերի նախկինում ունեցած գերակայությունը: Ու պետք է վերացնեն դրա հետքերը:
javakhk
May. 27th, 2010 08:13 pm (UTC)
Ընդ որում այդ հարցերը մենք կարող էինք զուտ ՆԵՐ-վրացական խնդիր համարել (դէ... ում ուզեն կարող են իրենք ատել, մենք ԴԱ իրենց չենք կարող արգելել, չէ՞), ԵԹԵ շատ աումներով մեր ազգային շահերին չխփեին: Իսկ այն կետերում, որում մեր շահերին են կպնում, կարող ենք հակազդել:

Պարզ ասած՝ չենք կարող թույլ տալ, որ Թիֆլիսում իրար հետեւից հայկական եկեղեցիներ ոչնչացվեն, ինչա թէ իրենք ջղայնացած ե այն բանից, որ այդ քաղաքի կեսը հայերն են սարքել...
fromgyumri
May. 27th, 2010 08:25 pm (UTC)
Ազգամիջյան ատելությունը կարծում եմ ազգային հոգեբանությունից է գալիս: Տես, մենք հայերս ինչքան ենք պատուհասվել թուրքերից, բայց լիքը մարդ գիտեմ, ու անձամբ ես էլ facebook-ում կամ այլ սայթերում շփվում են թուրքերի հետ:
Դա ինձ թույլ է տալիս մտածելու, որ ընդհանուր առմամբ վրացին նախանձ ազգ է: Իսկ թույլ տալը` բարոյապես պարտավոր ենք բողոքել ու պայքարել, բայց չգիտեմ` կկարողանանք, թե չէ: Օրինակ անձամբ ես թեեւ շատ կուզեի, բայց մենակս միջամտել չեմ կարող: Երեւի նույն կերպ շատերը: Իսկ էդ մտածելակերպը քայքայիչ է: Պետք էր ազգովի ոտքի ելնել:
Ուղղակի էստեղ նուրբ հարցեր կան: Բնակչության հետ որքան շփվում եմ, մի բան եմ հասկանում, սոցիալակամ խնդիրներն ինչքան խեղդեցին, ինչքան մտածեցիր, թե ընտանիքդ ինչով ես կերակրելու, անօթեւանության հարցդ ինչպես ես լուծելու, եւ այլն, էնքան անտարբեր կլինես Թիֆլիսի` թող թե հայկական եկեղեցու ճակատագրով...
ahousekeeper
May. 27th, 2010 06:35 pm (UTC)
Ուրեմն ի՞նչ։
fromgyumri
May. 27th, 2010 07:55 pm (UTC)
Այն, որ ճիշտ է, Վրաստանում կամ Ադրբեջանում կատարվող նման երեւույթների դեմ պետք է պայքարել` առանց մի քայլ նահանջելու, բայց միաժամանակ պետք է մենք ինքներս մաքրվենք: Հասկանում եք?, դրսից եկածը չի ասի, որ ես կամ դուք չենք եղել մեղավորը, այլ պտի ասի` հայերն էդքան են հարգում իրենց անցյալն ու աստծուն: Իսկ եթե մեր մեջ նման կեղտ կա, ավելի դժվար է դրսում պահանջատեր լինել:
ahousekeeper
May. 28th, 2010 01:57 pm (UTC)
> Հասկանում եք?

Հասկանում եմ ու համամիտ եմ։
( 18 comments — Leave a comment )

Latest Month

May 2018
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Page Summary

Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow